38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Բալաստից ազատվելու ժամանակը

Բալաստից ազատվելու ժամանակը
03.10.2008 | 00:00

ՀԱՏՎԱԾԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Մարտի մեկի դեպքերից այս կողմ հրապարակային, ավելին՝ միջազգային գործչի մունդիր զգենալու ձգտումով ապրող Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ-ը ղեկավարելուց, Գյուլին բարով-խերով ճամփելուց, ՄԱԿ-ում բավականին գրագետ ելույթից, իրեն չշնորհավորած, բայց Ռայսի հետ «տետ ա տետ» հանդիպմամբ չշնորհավորանքը սրբագրելուց, հետդարձի ճամփին Սաակաշվիլիենց տուն մտնելուց հետո, թոթափելով ոտների փոշին, որոշել էր, որ «ժամն է արդեն իրիկնահացի» ու այլևս պետք է դիմի «ով հայ ժողովրդին»:
Մինչ «ժողովրդին» հասնելը, ևս մեկ ֆիքսում. «մնացորդային» շատ հետաքրքիր մի երևույթ, բոլոր դեպքերում, վերջին շրջանում նրա դաժան ուղեկիցն է: Այսպիսով, երբ Սերժ Սարգսյանը մեկնում է միջազգային «տուրնեի», մանավանդ` Արևմուտք, Հայոց երկրում ինչ-որ մեկը խիստ անհամբեր սկսում է նրան սպասել. նախորդ սեպտեմբերին, երբ ամերիկյան պետդեպերն ու պենտագոնները Ազատիչը հիմնովին մաշել, կայծակնային ռեժիմով անցել էր Սարկոզիենց տուն ու Վերսալի աստիճաններին ջերմագին ողջագուրվել էր (հիշենք՝ «օրեր առաջ» Նիկոլան գրեթե թույլ չէր տվել Քոչարյանին ողջագուրվել իր հետ) Ն. Սարկոզիի հետ, Հայաստանում նրան «սպասում» էր Տեր-Պետրոսյանը` յուր քաղաքական հայտարարությամբ` «ինքը եկել է»:
Այս տարի «սպասման հիվանդը» Ռ. Քոչարյանն էր: Օրերս Քոչարյանը երևութացավ մի քանի պլանով. առաջին հերթին վիրավոր մերձավորներ Օսկանյանի ու վերջինիս կողմից գրեթե այլընտրանքային կառավարության ստեղծարար «տեսքով», ապա Ծառուկյան Գագոյի՝ կլանա-օլիգարխիկ համակարգի թասիբը պահելու և վերջապես` Քոչարյանն ինքն իր տեսքով հայտնվեց ու ասաց՝ չիմանաք՝ մոռացել եմ, որ պիտի հետ գամ, առայժմ սողանցք չկա խցկվելու, սակայն դժվար թե ռուսական «դաբրոն» ուշանա, գալու եմ անձամբ, ու թող ոչ ոք չմտածի, թե սպասելու եմ իր առաջարկին:
Չուշացավ նաև Սերժ Սարգսյանի պատասխանը՝ ԱԺ-ում երեկ հրավիրված արտահերթ նիստի «տեսքով»:
Առաջ ընկնելով էլ ասենք. այս դեպքում ևս Քոչարյանն ու իր «վիրավոր մերձակայքը» փառահեղորեն աշխատեցին ու փորձեցին տապալել ուղերձի սպասվող հմայքը: Ո՛չ ավել, ոչ պակաս, մեկ օր առաջ, ընդդիմության դարդով տապակվող Օսկանյանը հայտարարեց, որ շատ լավ բան կլինի, եթե իր ուղերձում Սերժ Սարգսյանը հայտարարի համաներման մասին: Հենց այդ պահից արդեն իսկ հասկանալի դարձավ` ուղերձում հաստատ չի լինելու համաներման մասին որևէ խոսք (իսկ այդ մասին չիմանալ Քոչարյանենք չէին կարող այն պարզ պատճառով, որ նրա աշխատակազմի գերակշիռ մասը դեռ սպասարկում-«օգնականում» է Սերժ Սարգսյանին), ուստի ուղերձը և նրա սպասվող էֆեկտը խեղդվեց հենց «բնում»` մեծագույն հիասթափություն պարգևելով բոլորին:
Ասենք անկեղծ, իրոք, մեծ հիասթափություն ապրեցինք, որովհետև դիմել ժողովրդին, երբ նրա մի մասը, ասենք կարճ` «լավագույն» տղերքը բանտերում են, ու նրանց երեխաները, կանայք, համակիրներն արդեն վեց ամիս համապատասխան քայլ են ակնկալում Սերժ Սարգսյանից, և արդյունքում նրանց նկատմամբ չկատարել այդ քայլը, որի ակնկալիքը ողջ հասարակությունն ունի, եվրոպական կառույցներն ունեն, կարող է արժեզրկման տանել ցանկացած լավ բան, ցանկացած լավ ձեռնարկ, ցանկացած մտադրություն:
Ավելին. խոսել հատվածականության մասին` «եկել է մի ժամանակ, երբ մասերը պետք է լինեն ներդաշնակ և ոչ երբեք միմյանց խանգարող, երբ մասերը պարտավոր են ծառայել ամբողջին», խոսել բացառապես «մեր» լեզվաեզրույթով (ուղերձը կառուցված էր բացառապես «մեր» հավաքականության վրա) և հատվածականություն դրսևորել հասարակության` իրենից ակնկալիք ունեցողների նկատմամբ, նշանակում է ջուր լցնել բոլոր կարգի ջրաղացների վրա, ինչն ուղղակի անթույլատրելի է, և Սերժ Սարգսյանը եթե ոչ երեկ, ապա շատ շուտ պետք է բավարարում տա հասարակության մեջ վաղուց պատասխանի սպասող այդ հարցին, այլապես առաջ գնալ այդ բալաստով` ո՛չ հոգևոր, ո՛չ պետական և ո՛չ էլ քաղաքական առումներով, անհնար կլինի, և խոր լճացման դեմ պայքարը, որին պատրաստվում է հենց ինքը` Սերժ Սարգսյանը, հաստատապես չի ստացվի:
Սա` երեկ ապրած մեր խոր հիասթափության առումով: Այժմ մնացածի մասին:
Արարողակարգային. ողջ օրը ԱԺ դատարկ դահլիճը երեկոյան վեցին մոտ մեկեն լցվեց, դատարկ աթոռ, բնականաբար, չկար: Վարչապետն էր, մարդու իրավունքների պաշտպանը, Սահմանադրական դատարանի ղեկավարը, Անվտանգության քարտուղարը, Վերահսկիչ պալատի նախագահը, Երևանի քաղաքապետը, նախարարական ողջ դասը, դիվանագիտական կորպուսը, մականունավոր պատգամավորները (ալրաղացի Լյովը չկար), իսկ ԱԺ փոխխոսնակ Արևիկ Պետրոսյանը կարմիր թաշկինակ էր դրել սպիտակ կոստյումի գրպանում:
ՈՒղերձի ուժեղ մասերը. քանի որ ուղերձն առաջինն էր և, ըստ օրվա բանախոսի` ներառում էր ընդհանուր հիմնադրույթներ (ասվեց, որ ուղերձային պրակտիկան մշտական և այսուհետ ոլորտային է լինելու), մեր կարծիքով, այնուհանդերձ, դեկլարատիվ բնույթ ունեցող ուղերձը գոնե տնտեսության մասով բավականին տարողունակ և ուժեղ էր: Եվ եթե նշված քայլերը իրականացվեն, ապա բավարար կլինեն, որպեսզի այս իշխանությունները, իսկապես, հասարակության համար ընդունելի դառնան, ամնիստիայի ենթարկվեն (իհարկե` տղերքին առաջին հերթին ազատելուց, ընդդիմության հետ համապատասխան երկխոսություն սկսելուց հետո):
Այդ ծրագրերն էին.
ա) Հայաստանը սկսում է նոր ատոմակայան կառուցել,
բ) Հայաստան-Իրան երկաթգիծ կառուցել,
գ) համահայկական բանկ և ներդրումային հիմնադրամ ստեղծել:
«Կկարողանա՞նք», հարցրեց Սերժ Սարգսյանը: «Այո՛», պատասխանեց Սերժ Սարգսյանը, «եթե միասին գործենք»: Այս խնդիրները, անշուշտ, տնտեսական լինելուց առաջ նախ քաղաքական են, և պատեհ առիթով դեռ կանդրադառնանք դրանց:
Հաջորդ կարևոր մեսիջը, որ հղեց նախագահ Սերժ Սարգսյանը, վերաբերում էր կոռուպցիային, շարունակությամբ էլ` Լևոն Սարգսյանին (ալրաղացի Լյովին), Սուրիկ Խաչատրյանին (Լիսկային) և ընդհանրապես բոլոր նրանց, ովքեր ականջներ ունեն, որ չեն լսում, աչքեր ունեն, որ չեն տեսնում: Չէ, մենք էսպես` պատկերավոր, «նշանների լեզվով» ենք խոսում: Բանն այն է, որ այս խնդիրները ներկայացնելիս ինքը` օրվա բանախոսը նույնպես, պատկերավոր շատ հետաքրքիր բառ գործածեց` գռփելապաշտությունը (երևում էր` ուղերձի կողքերով մի քիչ էլ Տիգրան Սարգսյանն էր անցել` Սերժ Սարգսյանի հետ ձեռք ձեռքի տված. չնայած` «միասնություն` գլխավորում և սեր` ամենայնում» չասվեց այս անգամ) այլևս մեզանում տեղ չի ունենալու. «Արվելու են կտրուկ քայլեր՝ կոռուպցիայի ախտից ձերբազատվելու համար: Պետք է փոխենք հայաստանյան մշակույթը, ուր բարգավաճելու (է՞ս ում նկատի ուներ- հեղ.) ուղին կեղտոտ մոտեցումներն են, երբ ամենամեծ տաղանդը մրցակցությունից խուսափողի ճարպկությունն է: Սոցիալական արդարության վերականգնումը մեզանում այլընտրանք չունի»:
Հարցնում եք` բա ո՞ւր մնացին Լևոն Սարգսյանն ու մնացածները: Խնդրեմ. «Առանձին մարդիկ հանդես են գալիս ուժի դիրքերից: Հստակ հայտարարում եմ. ինձ համար դա հասկանալի չէ, անընդունելի է, ոչ ոք ՀՀ-ում չի կարող իրեն անպատժելի համարել: Բոլորին առաջարկում եմ` ձեռնպահ մնալ արատավոր երևույթներից, որովհետև հետևանքներն իսկապես տեսանելի են լինելու»:
Մի խոսքով, բանավոր, վիրտուալ, բարի ցանկություններ երեկ շատ լսեցինք: Մնում է` աչքներս տեսնեն այդ ուղղությամբ կատարվող ռեալ քայլերը:
Անհամբեր «ժդյոմս»:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4893

Մեկնաբանություններ